Главная » 2012 » Август » 27 » Արթուր Աբրահամ. Շտիգլիցը շնորհավորեց ինձ եւ նշեց, որ իմ հաղթանակն արդար էր
12:08
Արթուր Աբրահամ. Շտիգլիցը շնորհավորեց ինձ եւ նշեց, որ իմ հաղթանակն արդար էր
«Այս գոտին ինձ համար պատմական նշանակություն ունի, երկու քաշային կարգերում աշխարհի չեմպիոն եմ: Ներքուստ շատ ուրախ եմ: Հպարտ եմ: Բայց արտաքուստ պարելով, ճիչերով չեմ կարողանում արտահայտել ուրախությունս»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամը  պարտության մատնեց WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին եւ հռչակվեց չեմպիոն: Արթուր Աբրահամը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113):

Աբրահամը աշխարհի չեմպիոն է եղել նաեւ առաջին միջին քաշային կարգում IBF վարկածով:

Արթուր, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Դու կրկին աշխարհի չեմպիոն ես: Ի՞նչ զգացողություններ ունես:

Շատ շնորհակալ եմ: Շատ հաճելի զգացողություններ ունեմ: Բայց անկեղծ ասած սա ինձ համար սովորական է: Երբ մի քանի անգամ աշխարհի չեմպիոն ես դարձել եւ հերթական անգամ ես դառնում, արդեն սովորական է դառնում: Բայց ներքուստ շատ ուրախ եմ, հպարտ եմ: Շատ հպարտ եմ:

WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին ի՞նչ նշանակություն ունի քեզ համար:

Պատմական նշանակություն ունի, քանի որ դարձա երկու քաշային կարգերում աշխարհի չեմպիոն: Հպարտանալու առիթ է:

Արթուր, դու հաղթեցիր մրցավարների միաձայն որոշմամբ: Դժվա՞ր տրվեց հաղթանակը:

Բավական դժվարությամբ ես հասա այս հաղթանակին: Երբ բռնցքամարտիկը մարտնչում է աշխարհի չեմպիոնի հետ, բնական է, որ բարդ մենամարտ է նրան սպասվում: Նույնիսկ չափից դուրս բարդ էր: Այս մենամարտում կարեւորը խելացի մենամարտելն էր, քանի որ մրցակիցս իսկապես շատ ուժեղ էր: Մինչեւ վերջին վայրկյանը ես քրտինքով վաստակեցի միավորներն ու հաղթանակը:

Երբ աշխարհի չեմպիոնի գոտին հանձնեցին քեզ, ի՞նչ ապրումներ ունեցար:

Սա սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին է, որը  կարեւոր ձեռքբերում է պրոֆեսիոնալ բնռքամարտիկի համար:  Երբ գոտին վերցրեցի ձեռքս` անբացատրելի զգացմունք ունեցա: Միայն գիտակցում եմ, որ ես այդ գոտու համար մի քանի տարի պայքարել էի, դա այս տարիների իմ նպատակն էր եւ հասա իմ նպատակին, ինչի համար շատ ուրախ եմ:  Չեմ կարող նկարագրել, թե որքան ուրախ եմ, բայց այդ ուրախությունս ներքուստ է: Ես չեմ կարողանում արտաքուստ ցուցադրել իմ ուրախությունը: Պարերով, ճիչերով իմ ուրախությունը չեմ արտահայտում: Կարեւորը ես հոգուս խորքում ուրախ եմ եւ հպարտ: Ինձ համար ավելի հաճելի է, երբ տեսնում եմ, որ իմ երկրպագուներն ու սպորտի սիրահարներն են ուրախանում:

Արթուր ձայնիդ մեջ հոգնածություն է զգացվում:

Հոգնելն այն խոսքը չէ: Մենամարտից հետո դեռեւս չեմ հանգստացել: Շատ հյուրեր ունեմ Հայաստանից, իմ մենամարտին հետեւելու շատ մարդիկ էին եկել. դա էլ ինձ ուրախացրեց: Այստեղ է իմ լավ ընկեր երգիչ Թաթա Սիմոնյանը Հայաստանից, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը, գործարար Միշա Բաղդասարովը եւ այլոք: Շատ հաճելի էր նրանց տեսնել հանդիսատեսի շարքերում: Ինձ շատ ոգեւորեցին: Նման հյուրերը, երբ Հայաստանից հասնում են Գերմանիա իմ մենամարտին անձամբ ներկա լինելու` ինձ շատ է ոգեւորում:

Մեր անցյալ զրույցում նկարագրեցիր, որ մենամարտի ընթացքում քեզ զգում ես թունելում եւ չես նկատում մենամարտին հետեւող հանդիսատեսին, երկրպագուներին: Այս մենամարտի ընթացքո՞ւմ էլ էր այդպես:

Միանշանակ: Մասնավորապես, այս մենամարտի ժամանակ, որն իմ կյանքի կարեւորագույն մենամարտն էր, եթե ուզենայի էլ, չէի նկատի իմ հանդիսատեսին, իմ երկրպագուներին: Զգում էի նրանց բոլորի ներկայությունը: Տեսնում էի, որ դահլիճում ազատ տեղ չկա, բայց նրանց չէի լսում: Այդ պահին դու ուրիշ աշխարհում ես գտնվում: Միայն մենամարտից հետո հասկանում ես, թե որքան մարդ էր սպասում քո հաղթանակին, հետեւում քեզ եւ ապրում քո ամեն մի հարվածով: Մենամարտից հետո աստիճանաբար հետ ես գալիս եւ նորմալ մարդ դառնում:

Վնասվածքներ շա՞տ ունեցար:

Ոչ, այս անգամ առանց վնասվածքների հասա հաղթանակիս: Միայն փոքր քերծվածքներ եղան, ինչը նորմալ է նման բարդ մենամարոտւմ:

Շտիգլիցին մենամարտից հետո տեղափոխել են հիվանդանոց: Լո՞ւրջ էին նրա վնասվածքները:

Նրա երկու աչքերն էին վնասվել: Նրան տեղափոխեցին հիվանդանոց, որպեսզի վիրակապեն: Այսօրինակ վնասվածքներն էլ են նորմալ նմանատիպ մենամատերի ժամանակ:  

Իսկ Ռոբերտ Շտիգլիցը շնորհավորե՞ց քեզ, եւ ի՞նչ խոսքերով շնորհավորանք հղեց հաղթանակիդ կապակցությամբ:

Այո, շնորհավորեց եւ նշեց, որ իմ հաղթանակն իսկապես արդար էր: Նա նույնպես հասկացավ, որ գոտին ես արդար մենամարտում նրանից խլեցի:

Արթուր, հաղթանակիցդ հետո առաջինը ո՞ւմ հետ կիսվեցիր քո ուրախությամբ:

Առաջին զանգը արեցի մայրիկիս:  Մայրս ասաց` «վայ, բալա ջան, այս ինչ դժվար մենամարտ էր, այդ ինչքան հարվածեց քեզ Շտիգլիցը»: Ասացի` «հանգիստ եղիր, նա իմ ձեռքերին է հարվածել, ոչ մի լուրջ բան չկա»: Մայրս ավելի շատ անհանգստացած էր ինձ հասցված հարվածներից: Մայրիկիս հետ զրուցելուց հետո արդեն ինձ շնորհավորեց հայրս, նա ինձ հետ էր ռինգում, իմ կողքին:


Просмотров: 353 | Добавил: graf | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]